Մահացել է ամերիկացի նախկին սենատոր Բոբ Դոուլը
Երկրորդ աշխարհամարտի վետերան, ամերիկացի նախկին հանրապետական սենատոր և 1996 թվականին նախագահի թեկնածու Բոբ Դոուլը մահացել է 99 տարեկանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դոուլը 27 տարի՝ 1969-96 թվականներին ԱՄՆ Կոնգրեսի Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչև այդ 8 տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում պարտվել է Բիլ Քլինթոնին։
Դոուլը հաճախ գործել է ԱՄՆ-ի հայկական լոբբիի օգտին․ 1995-1996 թվականներին ընդգրկվել է ԱՄՆ Կոնգրեսի հայերին աջակցող խմբում, պաշտպանել է օրինագծեր հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ (1975, 1982 և 1984 թվականներ), Թուրքիայի նկատմամբ էմբարգո դնելուն (1975, 1977, 1979, 1983 թվականներ), Հայաստանին (1992-1996) և Լեռնային Ղարաբաղի (1994-1996) ֆինանսական օժանդակություն ցույց տալու վերաբերյալ օրինագծերին, մասնակցել է կոնգրեսի կողմից ընդունված 907-րդ բանաձևին։
Փետրվարին Դոուլը հաղորդել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել։










