Հռոմի պապը Հունաստանում ուղղափառներից ներողություն է խնդրել կաթոլիկների սխալների համար

10:32 • 06.12.21

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հունաստան կատարած այցի ժամանակ ներողություն է խնդրել Աստծուց և ուղղափառներից` կաթոլիկների թույլ տված սխալների համար։ Նա հայտարարել է, որ այդ գործողությունները ոչ մի կապ չունեն Հիսուսի ուսմունքի հետ, այլ հարստանալու ցանկության արդյունք են, հայտնում է Vatican News-ը։

Պոնտիֆիկոսը հիշել է կաթոլիկներին և ուղղափառ քրիստոնյաներին միավորող ընդհանուր արմատները, և այն տարաձայնությունները, որոնք ծագել են ավելի ուշ:

«Պատմությունն ունի իր կշիռը, և այսօր այստեղ ես նորից կարիք եմ զգում ներողության խնդրելու Աստծուց և եղբայրներից՝ բազմաթիվ կաթոլիկների սխալների համար»,- ասել է Հռոմի պապը և կոչ արել օգնել միմյանց, երկրպագել Աստծուն և ծառայել ուրիշներին։

Կաթոլիկների հովվապետը նաև «ամոթով» խոստովանել է, որ քրիստոնյաների միջև շփումը թուլացել է, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցու գործողությունների պատճառով, որոնք հեռու էին ավետարանական ուսմունքներից։