Մի փիլիսոփայական բան ասեմ՝ եթե դուք Իշխանասարի մասին մի բան իմանաք, ձեզ օգուտ տալո՞ւ է, թե՞ ոչ․ պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

15:17 • 09.12.21

Ես ձեզ մի փիլիսոփայական բան ասեմ՝ եթե դուք Իշխանասարի մասին մի բան իմանաք, ձեզ օգուտ տալո՞ւ է, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իշխանասարի վերաբերյալ ինչ կարող է ասել, ի վերջո, ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներն այդ հատվածից հետ գնացե՞լ են, թե՞ ոչ։

Նա նշեց, թե անընդհատ փորձում է խուսափել սահմանին ու սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին պատասխանելուց, քանի որ, ըստ փոխնախարարի, պետք է հասկանալ, որ նուրբ հարցեր են, և ցանկալի կլինի բավարարվել պաշտոնական լրահոսով։

Դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճշտե՞լ էր ՊՆ-ից, երբ գերիների վերաբերյալ տեսակետ հայտնեց, թե նրանք գոյություն չունեն, փոխնախարարն արձագանքեց, թե Սիմոնյանը մեկնաբանություն է տվել այդ հարցով, հրապարակել է ամբողջական տեսանյութը։

Հարցին, թե այդ հայտարարությունը չի՞ վնասելու գերիների վերադարձի գործընթացին, Սարգսյանն արձագանքեց՝ ԱԺ նախագահն այդ հարցին պատասխանել է ու նաև նշել, որ ՀՀ-ն ստանձնած պարտավորություններ ունի և անում է ամեն ինչ՝ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։

Ըստ Արման Սարգսյանի՝ ՊՆ պաշտոնյաները փորձել են շփման գծի, զգայուն հարցերի վերաբերյալ քիչ, բայց հստակ տեղեկություն տալ։ Դիտարկմանը՝ այսինքն՝ քիչ տեղեկություն տալով՝ թողնում են մարդկանց երևակայությա՞նը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց։

«Մարդկանց վստահաբար ասում ենք, որ մեր սահմանները պաշտպանվում են ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած բախումների ժամանակ ԶՈւ-ն իրենց մարտունակությունը գործողություններով ապացուցեցին»,-ասաց նա։

Անդրադառնալով առաջնագծի կահավորման աշխատանքներին՝ Արման Սարգսյանն ասաց, թե ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ հասցնեն։ Դիտարկմանը, թե պատերազմից մեկ տարուց ավելի է անցել, սակայն դեռ կահավորված չէ առաջնագիծը, ՊՆ փոխնախարարը նշեց, թե այդ ընթացքում էլ են աշխատանքներ կատարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։