ԱՊՀ երկրներից ժամանաղ միգրանտները դեռ իրենց երկրում պետք է պատրաստվեն Ռուսաստանում աշխատելուն. Պուտին  

18:35 • 09.12.21

ԱՊՀ անդամ երկրներից ՌԴ ժամանել ցանկացող միգրանտները դեռ իրենց երկրում պետք է պատրաստվեն Ռուսաստանում աշխատելուն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստում:

Վերջինս հավելել է, որ այդ հարցով պետք է աշխատանք տանել ԱՊՀ գործընկերների հետ: «Այստեղ պետք է համագործակցել ԱՊՀ-ի մեր գործընկերների հետ, որպեսզի այն մարդիկ, որոնք ցանկանում են գալ մեզ մոտ աշխատելու, մեր երկիր ուղևորությանը և այստեղ աշխատելուն պատրաստվեն արդեն իրենց հայրենիքում, ուսումնասիրեն լեզուն, մեր օրենսդրությունը, իմանան իրենց իրավունքները, մեր ժողովրդի սովորույթները»,- ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը ընդգծել է, որ այդ հարցով վերջերս զրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի հետ: Պուտինի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև այլ երկրների հետ, այդ թվում՝ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի: