ԱԺ պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
Լրագրողների հետ զրույցում Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ միևնույն է՝ մի օր ազատ էր արձակավելու, քանի որ անհիմն մեղադրանքներ են ներկայացված, իսկ ՍԴ որոշման շնորհիվ հիմա է ազատ արձակվում։
Ինչ վերաբերում է առողջական վիճակին, Զաքարյանը նշեց․ «Չէի ուզենա այդ մասին խոսել, այդ ընթացքում մեկ վիրահատության եմ ենթարկվել, ևս մեկի կարիքը կա»,-նշեց նա։
Պատգամվորը չցանկացավ կենտրոնանալ կալանավորման վերաբերյալ հարցերի շուրջ, նշեց՝ երկրի համար ծանր իրավիճակում այդ հարցերին չի ուզում կարևորություն տալ, ավելի ծանր օրեր են եղել։ «Կալանավայրը, իհարկե, առողջարան չէ, բայց ես բլիդաժում էլ եմ ապրել, սովոր ենք այդպիսի կյանքին, կոչ եմ անում առաջ նայել, համարել անցյալ և քայլեր ձեռնարկել առաջընթացի համար։ Քրեական գործը դեռ կա, գործի վերաբեյալ հարցերը փաստաբաններին տվեք, խնդրում եմ»,-ասաց նա։
Պատգամավորը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին. «Իմ տեսակետն այն է, որ սահմանային լարվածության, այսպիսի իրավիճակի դեմը պետք է առնի ուժեղ պետությունը, կանոնավոր բանակը, որպես նախկին քաղաքապետ, պատգամավոր՝ կարող եմ աջակցել, ցավալ այս իրավիճակի համար, բայց ռացիոնալը այն կլինի, որ մեր բանակը ուժեղանա, մեր ԳՇ-ն իր պարտավորությունները կատարի։ Մեծ հույս ունենք, որ դա կիրականանա։ Փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր այս ծանր պայմաններում իրականացնում են իրենց ծառայությունը»,-եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։










