Մինչ այս պահը Աշոտ Մինասյանի կալանավորման վերաբերյալ որոշում գոյություն չունի, ամեն օր դատարանից պահանջում ենք, չկա․ Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Մինչ այս պահը Աշոտ Մինասյանի կալանավորման վերաբերյալ որոշում գոյություն չունի, Աշոտ Մինասյանի նկատմամբ գործը առնվազն գտնվում է իշխանությունների հետաքրքրությունների ու վերահսկողության տակ, որոշումները իրավական դաշտում չեն կայացվում, այլ ամբողջությամբ այլ նրբերանգներով։ Այս մասին «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ազատության պահանջով ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Դեկտեմբերի 1-ից Աշոտ Մինասյանը կալանավորված է Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա, մինչև այսօր պաշտպանական կողմին այդ որոշումը որևէ մարմին չի տրամադրել, չկա այդ որոշումը, աբսուրդ է, չկա պատճառաբանությունը, թե դատավորը ինչի հիման վրա պետք է կալանավորման որոշում կայացներ։ Ամեն օր զանգահարում ենք Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի մեզ որոշում տրամադրեն, մեզ տեղեկացնում են, որ պատրաստ լինելուն պես որոշումը մեզ կառաքեն»,-ասաց նա։
Միհրան Պողոսյանը մանրամասնեց, որ ազատության մեջ լինելու ժամանակահատվածում Աշոտ Մինասյանը գործին չի խոչընդոտել, չի թաքնվել, ուստի կալանավորման համար հիմքեր չեն ունեցել, նոր հանգամանքներ էլ չկան։
Անդրադառնալով Հայաստանում գործող դեսպանատներ դիմումներ ներկայացնելուն՝ պաշտպանն ընդգծեց, թե Աշոտ Մինասյանի ազատության հարցն այս պահին միջազգային հանրությանը հետաքրքրող հարց չէ՝ հաշվի առնելով, թե այս պահին ինչ է կատարվում Հայաստանի շուրջ։
«Արձագանքի ենք սպասում ՀՀ գլխավոր դատախազությունից, որ, վերջիվերջո, պետք է իրավական գործողություններ իրականացվեն. եթե նույնիսկ հանցագործություն տեղի է ունեցել, քննությունը պետք է լինի Քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով»,-ասաց նա։
Միհրան Պողոսյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանում իրավունքի ոտնահարման ցցուն օրինակներ են եղել, բայց միջազգային կառույցները լուռ են եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:










