Մարությանը 1 տարի է՝ դուրս է եկել ՔՊ-ից, քաղաքական ճգնաժամ է առաջացել․ շուտով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարություն կտարածվի․ Երևանի ավագանու անդամ

21:12 • 16.12.21

Շուտով կտարծվի հայտարարություն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ, այնտեղ նշված կլինի նաև քաղաքապետի թեկնածուի անունը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Վարչապետի հետ քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի հետ կապված քաղաքական ճգնաժամը: Քաղաքական ուղենիշի տարբերություններ են առկա»,-ասաց նա։

Արմեն Գալջյանը մանրամասնեց, որ Հայկ Մարությանը 1 տարի է՝ 2020 թ. նոյեմբերից, դուրս է եկել ՔՊ-ից, որից հետո էլ քաղաքական ճգնաժամ է ստեղծվել, իրենք փորձել են համագործակցության եզրեր գտնել, բայց չի ստացվել։

Անդրադառնալով հարցին՝ ինչպես է այդ ճգնաժամը դրսևորվել, քաղաքացիների վրա ինչ  ազդեցություն է ունեցել, ինչով է վնասել քաղաքի կառավարմանը, Արմեն Գալաջյանն ասաց․

«Դա, միգուցե, հաճախ չի արտահայտվել, քաղաքացիները չեն նկատել, բայց թե կառավարության հետ փոխհարաբերություններում, աշխատանքային տարբեր հարցերում, թե Երեւանի ավագանու հետ հարաբերություններում, ուղղակի մենք դա հանրային կերպով չենք դրսևորում»,-շեշտեց նա

Ըստ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ անտրամաբանական է Հայկ Մարությանի պաշտոնավարելը ստեղծված իրավիճակում։

Այլ հարցերի Արմեն Գալաջյանը հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով սպասել հայտարարությանը։

Անի Գևորգյան