Վիեննայում ավարտվել է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների 7-րդ փուլը

19:16 • 17.12.21

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի  վերականգնման հարցով Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովի նիստի մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտել են բանակցությունների 7-րդ փուլը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլն ավարտվել են: Բանակցությունները շուտով կվերսկսվեն»,- գրել է նա Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ նշել էին դիվանագիտական աղբյուրները, բանակցությունների եվրոպացի մասնակիցները մտադիր են Սուրբ Ծննդի կապակցությամբ ընդմիջում կատարել աշխատանքում, ուստի նախատեսվում է արձակուրդից հետո վերսկսել աշխատանքը։

Նոյեմբերի 29-ին մեկնարկել է Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման և Իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը։ Դեկտեմբերի 9-ին այն վերսկսվել է իրենց երկրներում մասնակիցների խորհրդակցություններից հետո։ Արդեն հաստատվել է, որ հետագա աշխատանքը ընթանալու է այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ձևավորվել են մինչև 2021 թվականի հունիսը՝ վեց փուլերի ընթացքում։

Նշվել է, որ բոլոր կողմերը ձգտում են վերականգնել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն իր սկզբնական տեսքով։