Վարդաղբյուր-Բավրա և Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց է, Սյունիքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

09:31 • 21.12.21

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի) տեղում է ձյուն։  

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։