Մահացել է բոտոքսի ստեղծողը

14:07 • 22.12.21

Ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը, որը ստեղծել է բոտոքս դեղամիջոցը բժշկության մեջ կիրառելու համար, մահացել է 89 տարեկանում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Աղբյուրի տվյալներով՝ Սքոթը մահացել է դեկտեմբերի 16-ին Կալիֆոռնիա նահանգի հիվանդանոցում: Մահվան պատճառը սեփսիսի հետևանքով առաջացած բարդացումն էր:

Բուտոլինային տոքսինը ներմուծվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ որպես կենսաբանական զենք, որն առաջացնում է մկանների կաթված և մահ: Ավելի ուշ գիտնականները եկել են եզրահանգման, որ այն հարմար չէ պատերազմ վարելու համար և տոքսինի նմուշները փոխանցել են Սքոթին:

Ակնաբույժը դրա հիման վրա մշակել է դեղամիջոց, որը հայտնի է դարձել բոտոքս անվանումով, որը նա սկզբնապես կիրառել է բուժական նպատակներով, մասնավորապես՝ աչքի շլությունը բուժելու համար: Կոսմետոլոգիայում բոտոքսն ավելի ուշ են սկսել կիրառել, ինչը բավականին զարմացրել է գիտնականին:

ԱՄՆ դեղամիջոցների վերահսկման մարմինը բոտոքսը կոսմետոլոգիայում կիրառելու համար պաշտոնապես հաստատել է 2002 թվականին: