Կիևում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ կապված Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսություն մուտքի մոտ մոլոտովի կոկտեյլի նետման հետ

22:56 • 24.12.21

Կիևում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքի և աշխատակիցների անվտանգությունն ուժեղացնելու համար։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս քայլը ձեռնարկվել է Լվովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն մուտքի մոտ մոլոտովի կոկտեյլի նետման հետ կապված միջադեպի ֆոնին:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության դեմ իրականացված ահաբեկչությունն Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրելու արդյունք էր»։

Մոսկվայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կատարվածից հետո կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան խիստ բողոք են ներկայացրել միջադեպի առնչությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Լույս դեկտեմբերի 23-ն անհայտ անձը դյուրավառ հեղուկով շիշ է նետել Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության ցանկապատի վրա, հայտնել են Լվովի մարզի ոստիկանությունից։