Հարավային Ամերիկայում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և հարյուրավոր տներ ավերվել
Բրազիլիայում և Բոլիվիայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով հարավամերիկյան աղբյուրներին, Բրազիլիայի հյուսիսարևելյան շրջանում հեղեղումներից տուժել է մոտ 40 համայնք Բահիա նահանգում, ինչի հետևանքով մահացել է 18 մարդ, ավելի քան 280-ը տուժել է:
Նահանգապետ Ռույ Կոշտայի խոսքով՝ նման ողբերգություն տեղի չէր ունեցել նահանգի ժամանակակից պատմության ընթացքում: Բազմաթիվ շինություններ և փողոցներ հայտնվել են ջրի տակ:
Նշվում է, որ ավելի քան 35 000 մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տնից:
Բոլիվիայում ևս աղետալի իրավիճակ է ստեղծվել. ավելի քան 400 տուն է վնասվել, որոնցից 80-նն արդեն վերականգնման ենթակա չէ: Կա տեղեկություն 13 զոհի մասին:
Հորդառատ անձրևներից տուժել է երկրի 9 վարչական շրջանից 7-ը: Ամենից ծայրահեղ իրավիճակ է տիրում Սանտա Կրուսում:
Ջրհեղեղի հետևանքով տուժել է առնվազն 1000 ընտանիք: Մի շարք բնակավայրերում տարհանում է իրականացվում:










