Աշխատողի վրա դրված ՊՇՌ հետազոտման պարտականությունը ծախս կատարելու մասով հակասահմանադրական է, սա այլևս փաստ է. Արամ Վարդևանյանը մանրամասնում է ՍԴ որոշումը (տեսանյութ)
Աշխատողի՝ ՊՇՌ հետազոտման պարտականությունը ծախս կատարելու մասով հակասահմանադրական է, սա այլևս փաստ է. Վարդևանյանը մանրամասնում է ՍԴ որոշումը
ՍԴ-ն եզրափակիչ որոշմամբ արձանագրել էր, որ «աշխատողի՝ իր հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու» ձևակերպումը անընդունելի է։ Այս մասին ՊՇՌ հետազոտությունների մասով ՍԴ որոշմանն անդրադառնալով՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։
Վերջինս նկատեց, որ հարցերը, որոնք հիմնականում առաջանում են, վերաբերում են նրան, թե այժմ ով պետք է կատարի այդ վճարման պարտականությունը և արդյո՞ք այդ պարտականությունը մնում է աշխատողի վրա։
«Որոշման մեջ հստակ ձևակերպված է` ՍԴ-ն գտնում է, որ հրամանով աշխատողի համար ծախս կատարելու, ֆինանսական բեռ կրելու պահանջ սահմանելը խնդրահարույց է նշված իրավակարգավորման ՍԴ 6-րդ և 39-րդ հոդվածների տեսանկյունից։ ՍԴ-ն «իր հաշվին» ձևակերպումը ընկալել է որպես ֆինանսական բեռ կրելու պահանջ, որը հակասահմանադրական է։
Էջ 31-ում ՍԴ-ն արձանագրում է, որ պետությունը պետք է որոշի`ով է կատարելու այդ վճարման պարտականությունը, և այդ որոշումը Սահմանադրական դատարանը կառավարության փոխարեն չի որոշելու, որովհետև այն չի կարող ստանձնել այլ պետական մարմինների գործառույթը»։
Վարդևանյանը նշեց՝ որոշման մեջ կա մի ձևակերպում, որը տպավորություն էր ստեղծել, թե այդ խնդիրը տեղափոխվում է աշխատողի տիրույթ։
«ՊՇՌ հետազոտության ծառայությունների մատուցման իրավահարաբերություններում գույքային պարտականությունները կրողների շրջանակի սահմանումը դուրս է հրամանի կարգավորման տիրույթից։ Բայց մինչ այդ ՍԴ-ն ասում է, որ ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականությունը կրում է աշխատողը։ Այստեղ շատ կարևոր է տրոհել միմյանցից ՊՇՌ հետազոտության դիմաց վճարման պարտականությունը և ՊՇՌ հետազոտությունների ծառայությունների մատուցման ոլորտը։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ անկախ այս հրամանից կա մի գործատու, որը որոշել է, որ իր աշխատողը պետք է կատարի ՊՇՌ հետազոտություն, այս իրավիճակում ՍԴ տրամաբանությունը հուշում է, որ նման մասնավոր ոլորտում ծագած իրավահարաբերության մեջ նշված պարտականությունը կարող է դրվել աշխատողի վրա, բայց սա այդ դեպքը չէ, սա այն դեպքն է, երբ այդ պարտականությունը առաջացել է`ելնելով այս հրամանից և այդ հրամանում առկա ձևակերպումը` աշխատողի վրա ֆինանսական բեռ դնելու վերաբերյալ, հակասահմանադրական է»,- մանրամասնեց Վարդևանյանը։
Վարդևանյանի խոսքով` հաջորդ կարևոր կետը սեփականության իրավունքի խնդիրն է։
«Շատերին թվում էր, թե ՍԴ-ն իր որոշմամբ չի անդրադառնալու սեփականության խնդրին։ Այս հարցի վերաբերյալ ձևակերպումներում նշվում է` աշխատողների միջոցների հաշվին իրականացնելու պահանջ։ Համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում դա հանգեցնում է անձի սեփականության իրավունքի միջամտության։ ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է, որ այս հրամանով դրված խտրականությունը սեփականության իրավունքի միջամտություն է, այն, ինչի մասին բարձրաձայնում էին մեր բազմաթիվ քաղաքացիներ, ՍԴ-ն դա ևս արձանագրեց։ ՍԴ-ն մանրամասն ուսումնասիրել է գնային քաղաքականության իրավիճակը ՊՇՌ հետազոտությունների ոլորտում, շատ հստակ նշում է, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ է և հետևություն է անում. անհրաժեշտ համամասնության պահպանման առումով առաջ է գալիս խնդիր։ ՍԴ-ն մի դեպքում արձանագրում է միջամտություն, մյուս դեպքում ֆիքսում է, որ կա խնդիր։ Առողջապահության նախարարին և կառավարությանը ՍԴ-ն ասում է, որ դուք ձեր այս գործողություններով միջամտել եք սեփականության իրավունքին և դրանով առաջացրել խնդիր»,- նշեց նա։
Վարդևանյանը ընդգծեց, որ ՍԴ որոշման մեջ օգտագործվում է պատվաստման անուղղակի պարտադրանք ձևակերպումը.
«ՍԴ-ն, այո, ասում է, որ ՀՀ կառավարությունը ունի հայեցողություն այդ ծախսերը իր վրա վերցնելու, սակայն չի խոսում պարտականության մասին։ Բայց նաև չի բացառում այն իրավիճակը, որ պետության կողմից ֆինանսական բեռի ծախսերի ստանձնումը իրականացվի`պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Որոշման մեջ նշված է, որ ՍԴ-ն կարևորում է այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի պայմաններում ՀՀ-ում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաև հանրային աջակցության և սոցիալական համերաշխության օրակարգ։ ՀՀ կառավարությունը պետք է ընկալի, որ ՀՀ-ում սոցիալ- տնտեսական դժվարություններ կան, և կա նաև Սահմանադրություն, որտեղ գրված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է և կառավարությունը պարտավոր է կատարել իր հոգատարության պարտականությունը»։
Ամփոփելով`Վարդևանյանը ընդգծեց, որ աշխատողի վրա դրված հրամանի շրջանակներում ՊՇՌ հետազոտման պարտականությունը ծախս կատարելու մասով հակասահմանադրական է և սա այլևս փաստ է։










