Թալիբները կրակ են բացել Քաբուլում ցույցի դուրս եկած կանանց ուղղությամբ

10:34 • 28.12.21

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամները կրակ են բացել կանանց ուղղությամբ, որոնք երեքշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել իտալական Emergency մարդասիրական կազմակերպության հիվանդանոցի մոտակայքում: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի խումբ կանայք ցույց են անցկացրել երկրի մայրաքաղաքում՝ պահանջելով իրենց իրավունքների պահպանումն ու կյանքի մակարդակի բարելավում:

«Մենք քաղցած մարդկանց ձայնն ենք: Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը»,- աղբյուրը մեջբերում է ցույցի մասնակիցներից մեկին:

Հիշեցնենք, որ «Թալիբան» ծայրահեղական շարժումը երկրում իշխանություն է հաստատել օգոստոսի 15-ին՝ մտնելով Քաբուլ, որից հետո երկրի նախագահը փախել է երկրից: Սեպտեմբերի 7-ին թալիբները հնչեցրել են իրենց ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը ոչ մի երկիր դեռևս չի ճանաչել: