Այս իշխանական խումբը տարիներ առաջ ստեղծվել է մեկ նպատակով՝ ոչնչացնել ազգային ինքնությունը, զրոյացնել ՀՀ միջազգային սուբյեկտայնությունը, օգնել Արցախը միավորել Ադրբեջանի հետ․ Լարիսա Ալավերդյան

15:20 • 29.12.21

 

Անկախ նրանից, թե ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչ են հայտարարում, և դրանք ինչ արձագանք են ստանում միջազգային հանրությունում, Արցախի Հանրապետությունը ստեղծվել ու կայացել է ամբողջովին օրինական ձևով, և իշխանությունները եղել են լեգիտիմ, ԱՀ-ն միշտ ունեցել է ներքին լեգիտիմություն։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի մասին ՀՀ վարչապետի հայտարարություններին։

«Ես երբևէ, առավել ևս՝ հիմա, չեմ նույնացնում ՀՀ իշխանություններին ու ՀՀ-ն։ ՀՀ-ի ունակ ուժերը հանդես են գալիս նույն տեսակետներով, որոնք պնդում է Արցախի Հանրապետությունը։ Այսօրվա իշխանությունները ամբողջովին սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակն ու ծրագրերը»,-ասաց Ալավերդյանը՝ նշելով, թե դեռևս չի տեսնում այն ներուժը, որով հնարավոր կլինի պայքարել նույն ուժգնությամբ, որը կար Ղարաբաղյան շարժման սկզբում։

Ըստ Ալավերդյանի՝ այս իշխանական խումբը տարիներ առաջ ստեղծվել է հստակ նպատակով՝ ամբողջովին ոչնչացնել ազգային ինքնությունը, զրոյացնել ՀՀ միջազգային սուբյեկտայնությունը, օգնել Արցախը միավորել Ադրբեջանի հետ։ «Մեր խնդիրն է վերականգնել, ամրապնդել ազգային ինքնությունը»,-նշեց նա։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդող տարիներին մշտապես այցելել են Արցախ, և ՀՀ-ից են այցելել։ «Դա նշանակում էր՝ նրանք դե ֆակտո ընդունում էին ԼՂՀ ղեկավարությանը՝ որպես բանակցային կողմ։ Այսօր ՀՀ վախվորած իշխանության ներկայացուցիչները վախենում են գնալ ԼՂՀ»,-ասաց իրավապաշտպանը։