Լավագույնի բարձրագույն կոչում, միջազգային մրցանակներ, մեդալակիր գինիներ. «Արմենիա Վայն»-ը ամփոփում է անցնող տարին
Ավելի քան 28 միջազգային մրցանակ, որից 11-ը՝ ոսկի. այսպիսի հաղթանակներով է ամփոփում «Արմենիա Վայն» գինեգործարանը 2021 թվականը: Համաշխարհային հեղինակավոր Մունդուս Վինի մրցույթում «Արմենիա Վայն» ընկերությունն արժանացել է «Լավագույն արտադրող», իսկ «Տակառ» գինին՝ «Best of Show Armenia» բարձրագույն կոչումներին:

Գինու համաշխարհային անցուդարձին անհաղորդ չի մնացել նաև հայ սպառողը՝ «Արմենիա Վայն»-ը ճանաչելով տարվա լավագույն արտադրող ընկերություն: Միջազգային հեղինակավոր մրցույթների առաջատարն ի սկզբանե շուկա մտավ «Արմենիա» շարքի գինիներով, այժմ տեսականին հասնում է 40-ի՝ «Սևուկ», «Նազանի», «Երևան», «Տակառ», «Թարիրի» և այլն, իսկ այս տարի սպառողն արդեն կարող է վայելել նոր՝ «Օրրան» ապրանքանիշի գինիները:
.jpg?1640874679139)
Գինեգործարանը միայն այս տարի 21 հա անմշակ ու անջրդի հող վերածել է օրգանական այգիների, որոնք սերտիֆիկացվել են «Էկոսերտ» միջազգային կազմակերպության կողմից: Ընկերությունն այս պահին ունի 100 հա այգի Հայաստանի տարբեր մարզերում, որից 52-ը՝ օրգանական: Չնայած ընդարձակ այգիներին՝ գինեգործարանը գյուղատնտեսության զարգացման համար մթերում է իրականացնում նաև գյուղացիական տնտեսություններից:
«Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանն առաջնային համարելով՝ ընդգծում է, որ միայն մթերմամբ չեն սահմանափակվում. Ընկերությունը գյուղացու կողքին է էտից մինչև այգեկութ ու այգեթաղ, օգնում են, սովորեցնում, իրենց ձեռքով մշակում, ինչպես նաև՝ տարածում ֆրանսիացի այգեգործների փորձը:

«Սեփական այգիների բերքի մթերումից բացի՝ մենք նաև համագործակցում ենք 650-ից ավելի ֆերմերային տնտեսության հետ: Այս տարի՝ նախորդի հետ համեմատ, մենք գրանցել ենք գրեթե 20 տոկոս աճ թե՛ արտադրության, թե՛ մթերման և թե՛ արտահանման ցուցանիշներով: Մեր արտադրատեսակները կարելի է գտնել 40-ից ավելի երկրներում, համագործակցում ենք 60-ից ավելի գործընկերների հետ»,- նշեց Քրիստինե Վարդանյանը:
«Արմենիա Վայն»-ը զուգակցում է հայկական 6000-այմա գինեգործության լավագույն ավանդույթները և գերժամանակակից տեխնոլոգիաները: Արդյունքում՝ արտադրության 70%-ը արտահանվում է, 30%-ը՝ սպառվում տեղական շուկայում։
«Արմենիա Վայն»-ի համար առաջնային է նաև ներկայացնել Հայաստանը որպես գինու ծագման բնօրրան: Եվ գինու ամբողջ պատմությունը, որը Հայոց պատմության անբաժանելի մասն է, այժմ թե՛ տեղացիներին, թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացված է մեկ հարկի տակ՝ Հայաստանի Գինու պատմության թանգարանում: Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ կայացած ու աշխարհին ներկայանալի մշակութային կենտրոն հիմնելու համար աշխատել են ավելի քան 4 տարի, արդյունքը հյուրերի հիացական կարծիքներն են:

«Թանգարանը հիմնադրել ու բոլոր ներդրումները կատարել է «Արմենիա Վայն» գինու գործարանը, սակայն ի տարբերություն շատ այլ արտադրական թանգարանների, ներդրողները չեն ցանկացել այստեղ ներկայացնել գործարանի պատմությունը, քանի որ ավելի են արժևորել հայ ժողովրդի գինեգործական հարուստ ժառանգությունը: Սա այն եզակի դեպքերից է, երբ բիզնես ոլորտը մեծածավալ ներդրում է իրականացնում մշակույթի ու գիտության ոլորտներում՝ իր առաջ ունենալով ոչ թե սեփական բիզնեսը գովազդելու խնդիր, այլ մեզ հասած ժառանգության պահպանման հարցը, Հայաստանը դարձնել գինու տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը»,- նշեց Հայկ Գյուլամիրյանը:
Շուտով շուկա կմտնի «Արմենիա Վայն» ընկերության նոր օրգանական գինին, կարասներում հնեցված գինին, ավանդական մեթոդով պատրաստված խաղուն գինիների շարքը և իհարկե երկար սպասված կոնյակը: Որակյալ կոնյակ ստանալու համար ազնվություն և համբերություն է պետք, նախ կարևոր է տակառների որակը և հետո՝ պահման պայմանները: Կոնյակը պահվում է Ֆրանսիայից ներկրված կաղնու Լիմուզին տեսակի բարձրորակ տակառներում՝ ժայռափոր մառանում, որտեղ միշտ հնչում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ խմիչքին հայկականություն հաղորդելու և սթրեսներից հեռու պահելու համար:











