Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում (տեսանյութ)

11:01 • 04.01.22

Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում.մեծաթիվ ոստիկանական ուժերը թույլ չտվեցին ավագանու ընտրված անդամներին մտնել շենքի ներս և այնտեղ իրականացնել երդմնակալության արարողությունը։

Համայնքապետ Ահարոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը 7 օրվա ընթացքում որոշումը կայացնելու է, երբ որ որոշումը կայացրեց, այն ժամանակ նոր մենք կբարձրանանք շենք, մեր անելիքները կանենք, իսկ երդմնակալությունը շենքի բակում էլ կարող է լինել։

«Եթե ավագանու ՔՊ-ական անդամները մասնակցեն ավագանու նիստերին, մենք մեծ սիրով կաշխատենք իրենց հետ»,-ասաց համայնքապետը՝ հավելով, որ ժողովրդի հետ է ցանկանում շփվել։

Նշենք, որ ոստիկանները պարզաբանում էին, որ դատարան հայց է ներկայացվել, որով վիճարկվում է դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցած ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունը։ Ընտրված համայնքապետի փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ ոստիկանների գործողությունը ապօրինի է, նրանք պարտավոր են ոչ թե խոչընդոտել, այլ օժանդակել, որպեսզի ավագանու ընտրված անդամները կարողանան կատարել իրենց աշխտանքը։

«Եթե հայցի ապահովման որևէ միջոց չի ընտրել դատարանը, ինչպես նաև չկա դատարանի կողմից կայացված օրինական որոշում չկա, որ ավագանու նիստի որոշումն անվավեր է, ապա ավագանին այսօր կարող է մուտք գործել շենք և իրականացնել աշխատանքներ: Ընտրված ավագանուն ոչ ոք չի կարող թույլ չտալ շենք ներս մտնել։ Հարգելի՛ ոստիկաններ, երդմնակալության համար հրավիրված նիստը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ ավագանու աշխատանքային պարտականություններն են»,- պարզաբանեց նա:

Ավագանու անդամները ոստիկաներին ցույց տվեցին աշխատակազմի ղեկավարի կողմից ուղարկված քաղաքապետի երդմնակալության հրավերը և պնդեցին, որ ոստիկաններն իրենց մուտքը քաղաքապետարան արգելելու որևէ իրավական հիմք չունեն, սակայն  ոստիկանները շարունակեցին պնդել, որ շենք մուտք գործել չեն կարող։

Հիշեցնենք, որ Վարդենիսում ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 5-ին։ ՔՊ-ն ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմել, դեկտեմբերի 30 -ի ավագանու անդրանիկ նիստի ընթացքում համայնքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին։