Ուկրաինան և Վրաստանը մեծ աշխատանք ունեն անելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար. ԱՄՆ
Ուկրաինան և Վրաստանը մեծ աշխատանք ունեն անելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար։ Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում ավարտված ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ուզում խոսել այլ երկրների փոխարեն, թե ինչ հավակնություններ ունեն, ինչ են ակնկալում, ինչ ժամկետներ կան։ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց կա, որը շատ պարզ է... Մենք բաց ենք բոլորի համար, և կասկած չկա, որ Ուկրաինան այն երկրներից է, որոնք ցանկանում են անդամագրվել։ Եվ նրանք անցնում են այս գործընթացով, որոշակի ժամանակ է պետք, մեծ աշխատանք կա անելու, որպեսզի ապահովվեն ՆԱՏՕ-ի բարձր չափանիշները: Նույնը վերաբերում է Վրաստանին»,- ասել է նա։
Օրերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ռուսական կողմին անհրաժեշտ են երկաթբետոնե երաշխիքներ, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի ՆԱՏՕ-ին։
«Մենք ընդգծում ենք, որ մեզ համար բացարձակապես պարտադիր է համոզվել, որ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք կցանկանայինք տեսնել, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին հետ կկանչվի 2008-ին Բուխարեստի գագաթնաժողովի կողմից ընդունված բանաձևը և փոխարինվի հետևյալով.«Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ»»,- ասել էր նա։
Միաժամանակ Ռյաբկովն ընդգծել էր, որ ռուսական կողմը հոգնել է դատարկ խոսակցություններ վարելուց։
«Մենք չենք վստահում մյուս կողմին։ Մեզ պետք են երկաթբետոնե, իրավաբանորեն նշանակալի երաշխիքներ, ոչ թե խոստումներ, այլ երաշխիքներ՝ «պետք է», «պարտավոր են», «երբեք չդառնալ ՆԱՏՕ-ի անդամ» բառերով։ Սա Ռուսաստանի ազգային անվտանգության հարց է»,- ընդգծել էր ՌԴ փոխարտգործնախարարը։
ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն ՆԱՏՕ-ի կազմ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում՝ Ժնևում ավարտված անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքներով։










