Փարաքարում մենք չենք զիջում, պարզապես գնում ենք արտահերթ ընտրությունների ճանապարհով․ եթե մտավախություն չունեն, թող մասնակցեն և նորից հաղթեն. Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

13:20 • 14.01.22

«Ապրելու երկիր» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որ դիմելու ենք դատարան՝ Փարաքարում արտահերթ ընտրությունների պահանջով։ Կողմերը որևէ կերպ ընդառաջ չէին գալիս՝ հարթելու մոտ մեկ ամիս տևած լարվածությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«Խնդիրն այսօրվա կամ երեկվա միայն մեկ նիստը կարգավորելը չէ, խնդիրը հինգ տարի համայնքի համար աշխատելն է, որը նման պայմաններում բացառում ենք։ Մանդատները իրավական տեսանկյունից վայր դրած չեն, քանի որ դատական գործընթացի մեջ ենք, և հայցվորը հենց խմբակցությունն է հանդիսանում։ Մենք չենք զիջում այդ պարագայում, ուղղակի մեր հաջորդ քայլը դատական ճանապարհով գնալն է»,– ասաց նա։

Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հասնելու են նրան, որ նշանակվեն արտահերթ ընտրություններ։«Եթե իշխանությունը պնդում է, որ ունեն ավելի շատ մանդատ, ես գտնում եմ, որ որևէ մտավախություն չունեն մասնակցելու արտահերթ ընտրություններին, թող մասնակցեն ու նորից հաղթեն։ Վստահ եմ, որ նոր ընտրություններում հաղթանակ ենք տանելու, ավելին՝ Փարաքարում մենք հաղթել ենք, ՔՊ-ից երկու անգամ շատ ձայն ենք ստացել, հիմա, թե ավագանու շրջանակներում ինչերի են հասել, դա չի արտահայտում քաղաքացիների դիրքորոշումը։ Բնական է, որ ՔՊ և «Դավիթ Մինասյան» խմբակցություններն իրենց որոշումները իրենք չեն կայացրել, այդտեղ երկու խմբակցություն չի եղել, բոլորը եղել  են ՔՊ-ի ազդեցության տակ, որում ներգրավված են եղել խորհրդարանի և կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ, սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը այդ համայնքի բնակիչ է և նա ևս ունեցել է ազդեցություն այդ գործընթացներում»,– նշեց նա։

Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ Փարաքարում կոնսենսուսային ճանապարհով գնալը հնարավոր չեղավ, քանի որ իշխանություններն ունեին հստակ պահանջ, որ իրենց երկու թեկնածուներից մեկն անպայմանորեն պետք է լինի համայնքի ղեկավար։

Դիտարկմանը, թե որն է պատճառը, որ «Ապրելու երկիր» կուսակցությանը հանրությունը չի ընկալում որպես ընդդիմադիր ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցության մի շարք անդամներ ճանապարհ են անցել իշխանության հետ, Առաքելյանը նշեց, թե «Հայաստանում ընդդիմադիր լինելու չափանիշը եղել է հայհոյանքը և ատելությունը»։

«Եթե մենք հայհոյախառը, վիրավորական արտահայտություններ չենք ուղղում իշխանություններին, որից հասարակությունը զզվել է, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք։ Մենք համայնքներում մասնակցել ենք ընտրություններին, որտեղ ստանձնել ենք կառավարում, փորձելու ենք աշխատել այդ համայնքներում առանց կենացներ և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու։ Այո, պատերազմից հետո ես եղել եմ նախարար, Մանե Թանդիլյանը՝ Արցախում, և այդ կարգավիճակում մեր առաքելությունը համարում ենք կատարված, հիմա շարունակում ենք մեր գործունեությունը, մենք չեն հրաժարվում նախարար լինելուց»,– ընդգծեց նա։

Հարցին` այսօր էլ է այն կարծիքին, որ արցախցիների սոցիալական խնդիրները լուծված են, Առաքելյանը պատասխանեց, որ այո։ «Գնացեք Արցախ և կտեսնեք։ Հայաստանում նույնպես կան սոցիալական խնդիրներ, Արցախում այսօր ապրում է 120.000 քաղաքացի, և նախապատերազմյան իրավիճակը հիմնականում վերականգնվել է։ Մինչև պատերազմն էլ Արցախում բազմաթիվ ընտանիքներ ունեցել են սոցիալական խնդիրներ, բայց խոսքը պատերազմի արդյունքում առաջացած խնդիրների մասին է»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։