Ավտովթարի հետևանքով կաթվածահար եղած հնդիկ տղամարդը պնդում է, որ սկսել է կրկին քայլել և խոսել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո (տեսանյութ)  

12:39 • 18.01.22

Հնդիկ տղամարդը, որը 5 տարի առաջ ավտովթարի հետևանքով կաթվածահար էր եղել և կորցրել խոսելու ունակությունը, սկսել է քայլել և խոսել «Քովիդի19»-ի դեմ պատվաստվելուց հետո:

Այս մասին գրում է Oddity Central-ը՝ ներկայացնելով 55-ամյա Դուլարչանդ Մունդայի պատմությունը: Տղամարդը բնակվում է Ջհարկհանդ նահանգում: Նա պնդում է, որ 5 տարի առաջ իր հետ պատահած դժբախտությունից հետո գամված է եղել անկողնուն և չի կարողացել խոսել, իսկ այժմ՝ հունվարի 4-ին պատվաստվելուց հետո, ընդամենը մի քանի ժամում սկսել է զգալ ոտքերի ուժը: Այժմ նա կարողանում է քայլել ձեռնափայտի օգնությամբ:

«Ձայնս վերականգնվել է, և ոտքերս նույնպես սկսել են շարժվել»,- ասել է հնդիկ տղամարդը, որը ավտովթարից հետո բազմաթիվ բուժումներ է ստացել, սակայն ապարադյուն:  

Նրա պատմությունը մեծ տարածում է գտել Հնդկաստանում անցյալ շաբաթ, սակայն բժշկագիտության մասնագետները զերծ են մնում մեկնաբանություններ անելուց նրա «հրաշագործ ապաքինման» վերաբերյալ: Մի շարք մասնագետներ ներկայում ուսումնասիրում են նրա հիվանդության պատմությունը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել տղամարդու օրգանիզմում:

Նշվում է, որ ստացել է AstraZeneca ընկերության Covishield պատվաստանյութը: