Ի՞նչ եք առաջարկում, փակ սահմաններով մնա՞նք, բնական է` խոշոր տնտեսությամբ երկրների ներգրավվածությունը փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, բայց աշխարհում է այդպես. Բադասյան

13:47 • 19.01.22

 

Երբ Հայաստան – Թուրքիա բանակցությունները կլինեն այն փուլում, որ հնարավոր կլինի խոսել սահմանների բացման մասին,  համապատասխան մարմինները վերլուծություններ կանեն հնարավոր տնտեսական ակնկալիքների և հաշվարկների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Բնականաբար սահմանների բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը, դա անվիճելի է, քանի որ այն տնտեսական ակտիվությունը և առևտրաշրջանառությունը, որ լինում է բաց սահմանների դեպքում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի դեպքում։ Եթե թուրքական կապիտալի ներհոսքը համարում ենք ռիսկ, ապա ի՞նչ ենք առաջարկում, սահմանները փակված ապրե՞նք և երբեք չխոսենք սահմանների բացման մասին, չփորձե՞նք տնտեսական աշխուժություն մտցնել։ Բնականաբար խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներգրավվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ամբողջ աշխարհում է այդպես, հիմա ինչ, վախենալով ապրե՞նք»,- ասաց Բադասյանը։

Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրված հայկական մաքսակետերի մասին, Բադասյանը նշեց. «Այդտեղով հնարավոր է երթևեկեն որոշակի քանակությամբ իրանական մեքենաներ, հաշվի առնելով, որ հոսքը հիմանականում նոր ճանապարհով է ընթանում։ Հայկական մաքսակետերը գործառույթներ են իրականացնում Մեղրիում և այդ մասով անցնող մեքենաների ուղղությամբ, իսկ հայկական մեքենաների մասով գործառույթ չի իրականացվել, քանի որ այնտեղով չեն անցնում»։

Բադասյանը նշեց, որ մաքսակետերը այդ ճանապարհին տեսականորեն են տեղադրված, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ այդտեղով կանցնեն մեքենաներ և անհրաժեշտություն առաջանա իրականացնել մաքսային գործառույթ։

«Տաթև-Աղվանի ճանապարհի վրա կան որոշ անհարմարություններ, բայց իրանական մեքենաները երթևեկում են այդ ճանապարհով և կարծում եմ շատ գոհ են, որոշ խնդիրներ են բարձրաձայնվում, որոնք իրանցի իմ գործընկերոջ հետ հնարավորություն ունեցանք տեսնելու և քննարկելու։ Շուտով կկառուցվի նոր ճանապարհ և այդ ոլորանները կշրջանցվեն միանգամից Լծեն գյուղի մոտ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային փոխադրման ծրագրերի, ճանապարհների, մաքսային հսկողությանը վերաբերող հարցեր և համատեղ ժամանակացույց ենք կազմել դրանց լուծման համար»,-ասաց նա։

Հարցին` Գորիս-Կապան ավոտճանապարհի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո իրանական քանի՞ մեքենա ենք կորցրել տնտեսական առումով, ինչքանո՞վ է շահեկան իրանցի վարորդների համար անցնել հայկական այլ, ոչ թե ադրբեջացիների վերահսկողության տակ գտնվող տարածքով, Բադասյանը պատասխանեց. «Մենք 0 մեքենա ենք կորցրել, քանի որ բոլոր մեքենաները մուտք են գործում ՀՀ սահման Մեղրիի անցակետով, Ագարակում և երբեք վճարի պակաս չեն ունենում, ամբողջ մաքսազերծման գործընթացը ամբողջությամբ տեղի է ունենում ՀՀ տարածքում»։

ՊԵԿ նախագահը նշեց, որ 2021-ը փակել են բավականին բարձր ցուցանիշներով։

«Տարին փակել են եկամուտների 1 տրլն 586 մլրդ ցուցանիշներով, որը բավականին բարձր ցուցանիշ է և շուրջ 146 մլրդ-ով գերազանցում է նախապես պլանավորված պետական բյուջեի եկամուտները։ Ե՛վ եկամուտների մասով ռեկորդ ունենք, և՛ աշխատատեղերի, բոլոր ցուցանիշները բարելավել ենք, սա խոսում է, թե՛ հարկ վճարողների ավելի կարգապահ դառնալու, թե՛ ՊԵԿ-ի կողմից արդյունավետ վարչարարություն իրականացնելու մասին։ Հաջորդ տարվա համար թիրախ է ընտրված 1 տրլն 843 մլրդ-ի շրջանակը և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Բադասյանը։