Եթե հասարակությունը չի ցանկանում, որ թուրքական ապրանքները հայկական ապրանքների շուկան գրավեն, ուրեմն պետք է բոյկոտի դրանք․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)

14:01 • 20.01.22

Մենք էսպես թե էնպես 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել, չնայած չենք ունեցել անմիջական սահման, բայց ունեցել ենք առևտուր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին։

«Եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, ուրեմն ընդհանրապես բոլոր երկրների միջև պետք է առևտուրը փակենք։ Չեմ կարծում, որ մեզ թուրքական էքսպանսիա սպասում է, իսկ նման վտանգի դեպքում կանխարգելիչ քայլեր պետք է արվեն»,-ասաց նա։

Բաբկեն Թունյանը նշեց, որ հարցին պետք է բոլոր կողմերից նայել։ «Եթե մենք գտնում ենք, որ հասարակության մեծամասնությունը մտավախություն ունի և չի ցանկանում թուրքական ապրանքները հայկական ապրանքների շուկան գրավեն, ուրեմն հասարակությունը պետք է բոյկոտի, եթե հասարակությունը գնում է այդ ապրանքները՝ իմանալով, որ թուրքական է, նշանակում է, որ այդ մտավախությունը գերազանցված է»,-ասաց նա և հավելեց՝ սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է։

Հարցին, թե արդյոք նա վախենում է թուրքից, օրինակ եթե նրանք բնակություն հաստատեն Հայաստանում, անշարժ գույք գնեն, Բաբկեն Թունյանն ասաց․«Դավթաշենում ապրող թուրքը ինձնից պետք է վախենա, ես ինչի՞ պետք է իրենից վախենամ»։

Ինչ վերաբերում է թանկացումներին, նա ասաց, որ անձամբ նկատել է, որ ծխախոտի գինն է թանկացել հարյուր դրամով։