Պեսկովը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կատակին օղու և«Հյուսիսային հոսք 2»-ի մասին

14:50 • 28.01.22

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ օղու և «Հյուսիսային հոսք 2»-ի մասին  խոսքերին և նշել, որ ավելի լավ է ԱՄՆ ներկայացուցիչները կատակեն, քան թեժացնեն իրավիճակը Եվրոպայում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Նուլանդը կատակել է, որ լավ կլիներ, եթե ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի փոխարեն օղի հոսեր։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում։

«Օղին լավ կլիներ», - ասել է նա՝ ի պատասխան լրագրող Մեթ Լիի այն դիտարկմանը, որ «Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է մղել ամեն ինչ՝ գազ, ձիթապտղի յուղ կամ օղի։

«Լսեք, գոնե կատակելու որոշ փորձեր արդեն դրական են այս իրավիճակում, ավելի լավ է թող կատակեն, քան լարվածությունը սրեն Եվրոպայում»,- ասել է Պեսկովը։