Հրահանգ է իջեցվել, որ որևէ մեկը կարևորություն չտա Բանակի օրվան, բանակի դերը նսեմացվի․ միայն Եռաբլուր գնացին, որի խորհուրդը սա էր՝ մենք թաղել ենք բանակը և գնում ենք դրա գերեզմանին․ Էդգար Ղազարյան
Ակնհայտ է, որ ոչ թե 2-3 պաշտոնյա վարակվել է կորոնավիրուսով, և այդ պատճառով Բանակի 30-ամյակին ոչինչ չի արվել, այլ կազմակերպված ձևով է եղել, հրահանգ է իջեցվել, որ հանկարծ որևէ մեկը որևէ կարևորություն, նշանակություն չտա բանակի օրվան, դա ունեցել է կազմակերպված բնույթ՝ նսեմացնելու համար բանակի դերը, նշանակությունը մեր կյանքում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ, օրինակ, Ոստիկանության օրը վարչապետն այցելում է ստորաբաժանումներ, պարգևատրումներ են լինում, միջոցառում է կայանում, որովհետև նրան ոչ թե բանակն է հետաքրքիր, այլ Ոստիկանությունը։
Ղազարյանն ընդգծեց նաև, որ ուժային կառույցների ղեկավարները ուղերձներ հղելու մշակույթ ունեն, բայց վարչապետին ենթակա ուժային կառույցները՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, նաև վարչապետին ենթակա ՊՎԾ-ն ևս ուղերձներ չեն հղել Բանակի օրվա առթիվ, ուղերձներ չեն հնչել կառավարությանն առնընթեր մարմիններից։ Ըստ Ղազարյանի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումը ոչ թե չեղարկվել է, այլ չի էլ պլանավորվել։
Ղազարյանն ընդգծեց՝ անկախ պատերազմի պարտությունից, սխրանքներ են գործել, սակայն միակ պետական արարողակարգային միջոցառումը եղել է Եռաբլուր այցելելը։
«Դրա խորհուրդն ինձ համար հետևյալն էր՝ մենք թաղել ենք բանակը և գնում ենք դրա գերեզմանին, մինչդեռ այդպես չպետք է լիներ։ Պարտության պատճառը բանակը չէր, հակառակը՝ բանակը խաթարել է Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, որովհետև նա պետությանը պատերազմի է տարել՝ մտածելով, որ կարճ ժամանակում ադրբեջանցիները հաջողության կհասնեն, ինքը կստորագրի պարտության փաստաթղթերը, բայց բանակը և կամավորականները պատշաճ դիմադրություն են ցույց տվել»,-ասաց նա։
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը տեսակետ հայտնեց, թե գործող իշխանության կողմից շարունակվում է իշխանազավթման գործընթացը՝ Վարդենիսի համայնքապետարանից մինչև երկրի նախագահի պաշտոն։
Մանրամասները՝ տեսանյութում։










