Նազարբաևի ավագ դստեր օգնականը բացահայտել է նրա գտնվելու վայրն ու հանրության առաջ չերևալու պատճառը
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստր, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դարիգա Նազարբաևան նախկինի պես գտնվում է չվճարվող արձակուրդում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա օգնական Ժաննա Երմեկովան:
Վերջինիս խոսքով՝ Նազարբաևան գտնվում է Նուր-Սուլթանում և շարունակում է վերականգնողական կուրս անցնել կորոնովիրուսով հիվանդանալուց հետո:
Ղազախստանում զանգվածային ցույցերի մեկնարկի պահից Դարիգա Նազարբաևան անհետացել էր հանրային դաշտից և դադարել էր ներկայանալ խորհրդարանի նիստերին: Ենթադրվում էր, որ նա հոր հետ հեռացել է երկրից:
Հունվարի 12-ին նրա օգնականը տեղեկացրել էր, որ Նազարբաևան գտնվում է Ալմաթիօում և բուժվում է կորոնավիրուսից:
Հիշեցնենք, որ ցույցերը երկրում սկսվել էին հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Զանգվածային բողոքի ալիքի համար պատճառ էր դարձել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացումը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում մոտ երկու շաբաթ տևած ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։










