Բողոքի ալիք Վրաստանում. խոշոր քաղաքների բնակիչները պահանջում են գների իջեցում, բողոքում կրկին ի հայտ եկած կոռուպցիայից

15:46 • 02.02.22

Վրաստանի չորս խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Փոթիի և Քոբուլեթիի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրում գների բարձրացման դեմ, դեպքի վայրից հաղորդում է Sputnik  գործակալության վրացական ծառայության թղթակիցը։

Ցուցարարների ձեռքին պաստառներ են՝ «Բարձրացրե՛ք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ կա աշխատանքի տեղավորումից», «Հնդկաձավարը թանկացել է 80 տոկոսով» գրություններով: 

Ցուցարարների կարծիքով՝ Վրաստանն այն տասը երկրների թվում է, որոնց բնակիչները ապաստան են խնդրում արտասահմանում։

«Վրաստանը դառնում է թոշակառուների երկիր, երիտասարդները հեռանում են, խելացի, ուժեղ, աշխատունակ մարդիկ փախչում են Վրաստանից, սա կատարյալ աղետ է»,- ասել է ակտիվիստ Գեորգի Մումլաձեն։

Ցուցարարները պահանջում են իշխանություններից փոխել սակագների բարձրացման քաղաքականությունը և արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նրանց, կրկին ի հայտ է եկել երկրում։

«Մարդկանց խոստացել են կիսով չափ նվազեցնել սակագները, նվազեցնել վառելիքի գները առնվազն մեկ լարիով»,- ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։

Գործողությունների վայրում մոբիլիզացվել են պարեկային և անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Հանրահավաքներն անցնում են առանց ավելորդությունների։