ՌԴ-ն, Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին ի պատասխան, արգելել է Deutsche Welle-ի հեռարձակումն իր տարածքում. Գերմանիայի ԱԳՆ-ն արձագանքել է

21:53 • 03.02.22

Ռուսաստանը որոշել է դադարեցնել գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության հեռարձակումը իր տարածքում, փակել գրասենյակը և չեղարկել ռուսական բյուրոյի բոլոր աշխատակիցների հավատարմագրումները, հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ինչպես նշել են նախարարությունում, սա Գերմանիայում RT DE-ի հեռարձակման արգելքին ի պատասխան ձեռնարկվող միջոցառումների միայն առաջին փուլն է։

Բացի այդ, Գերմանիայի պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները, որոնք ներգրավված են RT DE-ի շուրջ ստեղծված իրավիճակում, կհայտնվեն սև ցուցակում. նրանց կմերժեն մուտքը Ռուսաստան։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Deutsche Welle-ն արդեն ասել է, որ վիճարկելու է ռուսական միջոցները։ Ռուսաստանում հեռարձակման դադարեցման դեպքում ընկերությունը մտադիր է մեծացնել երկրում իրադարձությունների լուսաբանումը։

Մեդիաընկերության գործադիր տնօրեն Պետեր Լիմբուրգն ասել է, որ ՌԴ իշխանությունների միջոցները համարում է չափազանցված և միանգամայն անհասկանալի։

Գերմանայի րագրողների միությունն անհիմն է անվանել մեդիաընկերության դեմ ուղղված միջոցները։ Իր հերթին, Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների պետնախարար Կլաուդիա Ռոթը հայտարարել է, որ RT DE-ի և Deutsche Welle-ի շուրջ ստեղծված իրավիճակները համեմատելի չեն։

Գերմանիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով իրավիճակը, ասել է, որ Deutsche Welle-ի դեմ ձեռնարկված միջոցներն անհիմն են և բարդացնում են երկկողմ հարաբերությունները: