Մահացել է մեքսիկացի միլիարդատեր Ալբերտո Բայերեսը

10:46 • 04.02.22

90 տարեկանում մահացել է մեքսիկացի արդյունաբերող և խոշոր գործարար Ալբերտո Բայերեսը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեքսիկացի ականավոր ձեռնարկատեր Ալբերտո Բայերեսի մահվան կապակցությամբ ընտանիքին և ընկերներին»,- գրել է նախարարը Twitter-ի իր բլոգում։

Բայերեսը գլխավորել է Grupo Bal ընկերությունների խումբը, որը նա ժառանգել է հորից 28 տարեկանում։ Խումբը ներառում է աշխարհի խոշորագույն արծաթ արտադրող Fresnillo ընկերությունը, հանքարդյունաբերական Industrias Peñoles-ը, ապահովագրական, կենսաթոշակային, բժշկական, գյուղատնտեսական և առևտրային ձեռնարկություններ:

Forbes ամսագիրը 2022 թվականին նրա ընտանիքի կարողությունը գնահատել է 8,6 միլիարդ դոլար։
Ինքը՝ ձեռներեցը, հարցազրույցում ասել է, որ կյանքում ամենամեծ բավականությունը ստացել է Մեքսիկայի Ինքնավար Տեխնոլոգիաների Ինստիտուտի ITAM-ի խորհրդի նախագահ աշխատելուց։