Ջոնսոնի 4 մերձավոր օգնական պաշտոնաթող է եղել. BBC
Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով: Փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ջոնսոնի՝ ներքին քաղաքականության կառավարման գրասենյակի ղեկավար Մունիրա Միրզայից անմիջապես հետո պաշտոնաթող են եղել հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջեկ Դոյլը, աշխատակազմի ղեկավար Դեն Ռոզենֆելդը և վարչապետի անձնական քարտուղար Մարտին Ռեյնոլդսը: Ջոնսոնի օգնականների պաշտոնաթողությունը տեղի է ունեցել, ինչպես նշում է BBC-ն, կառավարող Պահպանողական կուսակցությունում նրա առաջնորդության նկատմամբ աճող քննադատության ֆոնին:
Վերջին օրերին մի շարք բրիտանացի պատգամավորներ, այդ թվում՝ պահպանողականներ, վարչապետին կոչ են արել արված հայտարարությունների համար ներողություն խնդրել ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերի, սակայն կառավարության ղեկավարը մինչև հիմա հրաժարվում է իր խոսքը հետ վերցնել:
Հունվարի 31-ին Ջոնսոնը, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, Սթարմերին, որը 2008-ից մինչև 2013 թվականը գլխավորել է Թագավորության դատախազական ծառայությունը, մեղադրել է այն բանի համար, որ նրա գերատեսչության թողտվությամբ բրիտանացի ռադիոհաղորդավար Ջիմմի Սևիլը (1926 – 2011) չի ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իբր դեռահասների նկատմամբ սեռական բռնության՝ տեղ գտած բազմաթիվ դեպքերի պատճառով:
Բրիտանացի քաղաքագետների կարծիքով՝ մերձավոր օգնականների պաշտոնաթողությունը կդառնա ևս մեկ հարված Ջոնսոնի համար, որը լուրջ ճնշման է հանդիպում ընդդիմության և մի շարք պահպանողականների կողմից Դաունինգ սթրիթում երեկույթների հետ կապված սկանդալի պատճառով, որոնք տեղի էին ունեցել համավարակի առաջին ալիքի խիստ սահմանափակիչ միջոցների գործողության շրջանում:










