2020 թ․ աշնանը բացված սգի էջը փակված է, շուտով ականատեսը կլինենք հայության վճռականության դրսևորումներին. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ (տեսանյութ)

13:06 • 05.02.22

Այսօր համահայկական առումով քաղաքական, պետականամետ և ազգային-ազատագրական պայքար մղող գլխավոր կազմակերպությունն է ՀՅԴ-ն, որը գործում է ամենուր, որտեղ կա հայ` ծառայելով Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բազմաշերտ կարիքներին։ Այս մասին ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«2021 թ․ ծանր տարի է հայության համար։ 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում բոլոր տարակարծությունները մի կողմ դնելով` միտված էինք հայության հաղթանակի գործին` տրամադրելով մարդուժ ՀՅԴ պահեստազորի միջոցով, ստեղծելով քաղաքական բարենպաստ համաշխարհային զորաշարժ և հայտարարելով քարոզչական պատերազմ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շղթայազերծված քարոզչական գրոհի։ Կասկած չկա, որ համահայկական միասնությունը անհրաժեշտ էր պատերազմի ընթացքում, բայց պատերազմի աղետալի արդյունքը ցնցեց բոլորիս, հիասթափությունը ճնշող էր, մանավանդ, երբ հաղթանակի կեղծ տպավորություն ստեղծած շղարշը պատռվեց և մեր կորուստների չափը պարզ դարձավ։ Ազգային նվաստացում առաջնորդած Հայաստանի ղեկավարը մերժեց ընդունել Հայաստանը և Արցախը աղետի մեջ ներքաշելու պատասխանատվությունը, վճռեց ամեն գնով կառչած մնալ իշխանական աթոռին, ընդունեց պարտվողական պայմանները, որոնք այսօր էլ դրսևորվում են միակողմանի զիջումներով»։

Հակոբ Տեր-Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի պարտված իշխանությունները բազմիցս ցույց են տվել Հայաստանի շահերը պաշտպանելու իրենց անկարողությունը։

«Արցախի իշխանությունը դարձել է այս իշխանությունների  կամակատարը` այսկերպ նսեմացնելով Արցախի ինքնիշխանության մակարդակը։ Բարեբախտաբար Արցախում կան ազգային և ինքնուրույն ուժեր, որոնք ամուր կանգնած են և սատարում են Արցախի իրավունքների պաշտպանությանը, ավելին` Հայաստանի իշխանությունները անխնա հրահրում են ներազգային բաժանումներ իրենց պառակտիչ կոչերով և նախաձեռնություններով, մինչդեռ մեր հայրենիքին հիմա անհրաժեշտ է համահայկական միասնականություն։

Հակառակ այս  ծանր մթնոլորտին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների չգոյությանը, ՀՅԴ Բյուրոն իրականացրել է համահայկական նախաձեռնություններ։

Հայաստանի և Արցախի համար տարին հատկանշվեց ՀՅԴ Հայաստանի կառույցի ջանքերով, իշխանությունների աղետալի քաղաքականության դեմ ընդդիմություն ձևավորելու, երիտասարդական դիմադրություն ձևավորելու գործողություններով։ Դաշնակցության համար Արցախը եղել է և կա առանցքային խնդիր։ 2021 թ․  մշակվեց ՀՅԴ քաղաքականությունը` երեք հիմնական ուղղություններով։ Առաջինը Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումներով առաջ քաշվող հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման հարցերն են, երկրորդը հայ- թուրքական հարաբերութունների վերաթարմացման կծիկն է։ Այսօր ականատես ենք լինում, որ Թուրքիան ոչ միայն առաջ է քաշում նախկին նախապայամնները, այլև այդ ցանկին ավելացրել է «միջանցքի» գաղափարը։ Երրորդը` Հայաստանի ինքնիշխանության վտանգված լինելն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախը մեր դարպասն է, մեր թշնամիների ախորժակը փոխվել  Արցախի հարցումն ունեցած հաջողությունների պատճառով և սկսել են թիրախավորել նաև Հայաստանի տարածքը»։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ 2020 թ․ աշնանը բացված սուգի  էջը փակված է և համոզմունք հայտնեց, որ շուտով ականատեսը կլինենեք հայության վճռականության դրսերումներին։