«Եթե պաշտոնապես ռազմական դրությունը ընդունվի, ապա այդ գործընթացը կսկսվի». Չավուշօղլուն՝ Բոսֆորն ու Դարդանելը ռուսական ռազմանավերի անցման համար փակելու մասին

11:12 • 25.02.22

Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմանավերի անցման համար, բայց նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ իր նավատորմը բազա վերադարձնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ուկրաինան մեզ պաշտոնական խնդրանք է ներկայացրել (փակել նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար): Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները չափազանց հստակ և ճշգրիտ են: Մինչ օրս Թուրքիան առանց վարանելու իրականացնում էր Մոնտրյոյի կոնվենցիան։ Պատերազմում, որում Թուրքիան կողմ չի հանդիսանում, կարող են միջոցներ ձեռնարկվել դրան մասնակցող երկրների դեմ։ Թուրքիան կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով, սակայն Մոնտրյոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց բազաները, և դա պետք է թույլ տալ նրանց»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է Hürriyet թերթը։

Չավուշօղլուի խոսքով՝ թուրք մասնագետներն ուսումնասիրում են այս հարցը, և եթե պաշտոնապես «ռազմական դրությունը ընդունվի, ապա այդ գործընթացը կսկսվի»։

«Եթե մենք դա (ռազմական դրությունը) ընդունենք, ապա կարգելենք ռազմանավերի անցումը, բայց Ռուսաստանը նման իրավունք (նավերի վերադարձն իրենց բազաները) կունենա։ Իհարկե, այս ամենի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը որակի որպես «պատերազմ»»,- պարզաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հինգշաբթի Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը կոչ է արել Անկարային սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը թուրքական նեղուցներով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։

«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։