Եթե ցանկանում եք ապրել այստեղ, ենթարկվեք Ադրբեջանի օրենքներին. ադրբեջանցիները Արցախի Խրամորթի բնակիչներին հայերենով կոչ են անում դադարեցնել ինժեներական աշխատանքները, այլապես ուժ կկիրառեն (տեսանյութ)
Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին ադրբեջանական կողմը հայերենով կոչ է անում դադարեցել գյուղում կատարվող ինժեներական աշխատանքները: Հայերեն կոչում ադրբեջանցիներն ասում են. «Ուղերձ «մեր» հայ քաղաքացիներին: Դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այստեղ իրականացվող ցանկացած գործողություն իրականացվում է Ադրբեջանի օրենքներով: Այն ամենը, ինչ անում եք առանց պաշտոնական թույլտվության, անօրինական է: Ներկայումս ձեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքներն անօրինական են, մի պատրաստվեք պատերազմի և մի փորձեք սահման ստեղծել մեր տարածքում, եթե ցանկանում եք մնալ ու ապրել այստեղ, ենթարկվեք Ադրբեջանի օրենքներին:
Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից, հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ ուժ կկիրառվի, պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա: Մի վտանգեք ձեր ու ձեր ընտանիքի անդամների կյանքերը»:
Նշենք, որ Խրամորթ գյուղը գտնվում է Ստեփանակերտ քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևելք:










