Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 600 միլիոն դոլարի չափով «անհապաղ օգնություն» տրամադրել

11:14 • 26.02.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է 600 միլիոն դոլարի «անհապաղ օգնություն» տրամադրել Ուկրաինային, այդ թվում՝ 350 միլիոն դոլար՝ պաշտպանության համար։ Նրա հուշագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից 6,4 միլիարդ դոլար է խնդրել՝ Ուկրաինա շարունակվող ռուսական ներխուժմանն արձագանքելու համար: Այս մասին հայտնում է The Hill-ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցչին։

Նշվում է, որ 2,9 միլիարդ դոլարը նախատեսված է Պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ հումանիտար օգնության համար, ինչպես նաև Լեհաստանի, Բալթյան երկրների և ՆԱՏՕ-ի արևելյան դաշնակիցների համար՝ օգնելու ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը: Պենտագոնին լրացուցիչ ֆինանսավորման համար պահանջվել է ևս 3,5 միլիարդ դոլար։

Հայտնի է, որ այս տարի ԱՄՆ-ն Ուկրաինային արդեն հատկացրել է 650 մլն դոլար՝ որպես անվտանգության ապահովման աջակցություն, ինչպես նաև հավելյալ 52 մլն դոլար՝ որպես մարդասիրական օգնություն։

Նաև Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ մահացու զինատեսակներ կտրամադրի Ուկրաինային և աշխատում է առաքման նյութատեխնիկական ապահովման վրա՝ հաշվի առնելով երկրի օդային տարածքում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։