«Ստանիցիա Լուգանսկայան վերցվել է առանց գեթ մեկ կրակոցի». Ուկրաինայի ԶՈՒ-ն առանց դիմադրության լքել է գյուղաքաղաքը. լրատվամիջոցներ
Ուկրաինայի զինված ուժերն առանց կռվի լքել է Ստանիցիա Լուգանսկայա գյուղաքաղաքը, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է «Լուգանսկինֆորմցենտր»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Մեշկովը՝ վկայակոչելով ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի հաղորդագրությունը։
«Երբ այսօր առավոտյան առաջին քաղաքացիները դուրս եկան ուկրաինական անցակետից, մեզ ասացին, որ գյուղաքաղաքում մարդ չկա, և մենք հանգիստ մտանք»,- պատմել են Ժողովրդական միլիցիայի զինծառայողները։
Ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հաստատել է այս տեղեկությունը։
«Գյուղը վերցվել է առանց գեթ մեկ կրակոցի, ուկրաինական զորքերը լքել են այն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










