ՀՀ-ն կարող էր հիշեցնել բայրաքթարների կիրառման պատմությունը՝ ի արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե գնդակոծվում են դպրոցներ, բայց չի անում՝ ամրագրելով սուվերենության անկման նոր աստիճան.Հովհաննիսյան

13:48 • 27.02.22

«Այլընտրանքային նախագծեր» խումբը հրապարակել է Վահե Հովհաննիսյանի «Ինչ կարող էր անել և չի անում Հայաստանը» վերտառությամբ հոդվածը:

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում ունենալ որևէ դերակատարում։ Թվում է, թե ոչ. Հայաստանի այսօրվա կշիռը և այսօրվա վիճակը ոչ մի շանս չեն տալիս համաշխարհային այս աղետում ձայն ունենալ։

Բայց եթե Հայաստանում լիներ լուրջ իշխանություն, և արտաքին քաղաքականությունը որոշվեր լուրջ աշխատասենյակներում, ապա հնարավորություններ կային։

Նախքան Ուկրաինան՝ վերջին պատերազմը և պատերազմական աղետը Եվրոպայի սահմաններին, ԵԽ անդամ պետություններում, եղել է հենց Հայաստանում, և մեր պետությունն ունի լեգիտիմ իրավունք.

- Հանդես գալ օր առաջ խաղաղության հաստատման կոչով

- Հիշեցնել իր պատերազմական պատմությունը և բարձրաձայնել աշխարհում պատերազմների կանխարգելման գործուն մեխանիզմների բացակայության մասին

- Հիշեցներ իր դեմ, իր խաղաղ բնակավայրերի, ծննդատների ու դպրոցների դեմ բայրաքթարների զանգվածային կիրառման պատմությունը՝ որպես արձագանք Զելենսկու զարմացած տեքստերի, թե Ուկրաինայում գնդակոծվում են դպրոցներ, մանկապարտեզներ,

- Առաջարկեր Երևանը՝ որպես բանակցությունների հարթակ՝ Բաքվի փոխարեն՝ այն Բաքվի, որի ագրեսիան անցավ աշխարհի լուռ հայացքի տակ՝ չբերելով որևէ թեթևագույն սանկցիայի,

- Փորձեր ինչ-որ կերպ պահպանել իր դեմքը Եվրոպայում և միաժամանակ որևէ կերպ չվնասեր Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ ռուս զինվորն է այսօր ապահովում Հայաստանի անվտանգությունը։

Հայաստանը չի անում ոչինչ, Հայաստանը հերթական անգամ ամրագրեց իր սուվերենության անկման նոր աստիճանը։

Բաքուն այս օրերին ավելի քան ակտիվ է. ստորագրել է դաշնակցային համաձայնություն Ռուսաստանի հետ, և SOCAR-ի կողմից անվճար վառելիքի տրամադրման որոշմամբ Եվրոպայում դիրքավորվել է որպես խաղաղասեր, մարդասեր պետություն։