Բորելն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին ԵՄ 27 երկրների պաշտպանության նախարարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին դաշինքի 27 երկրների պաշտպանության նախարարների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել։
«Ես այսօր հրավիրում եմ ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ կապված Ռուսաստանի կողմից չհրահրված հարձակման հետ»,- գրել է դիվանագետը Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










