Գեղամասարի մի շարք գյուղեր զրկվել են ջրից, ջրաղբյուրները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ
2021թ-ի մայիսի 12-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում Գեղամասար խոշորացված համայնքի մի շարք գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Մի շարք գյուղերի ջրային աղբյուրները անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ Սոթքի աղբյուրը, թեև իրենց վերահսկողության տակ չէ, սակայն դիրքերին շատ մոտ է և գյուղացիները չեն կարողանում դրանց օգտվել։ Սոթք, Կութ, Նորաբակ և Գեղամաբակ գյուղերը այս պահին ունեն ոռոգման և խմելու ջրի խնդիր։
Սոթքում նոր ջրագծի ծրագիր էինք իրականացրել, որով գյուղը ամբողջությամբ ջուր պետք է ունենար, բայց ջրագծի կառուցումը չավարտած` պատերազմը սկսվեց, ծրագիրը մնաց կիսատ, այդ ծախսերն էլ դարձան անիմաստ։ Կութում խնդիրը այդքան մեծ չէ, իսկ Նորաբակում և Գեղամաբակում ջրագիծը ամբողջությամբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, Ջաղացաձորը ունի լուրջ խնդիր, այդ գյուղի ջրաղբյուրները ևս ամբողջությամբ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ նշված գյուղերի բնակիչները մեքենաներով հարևան գյուղերից են ջուր վերցնում։
«Խնդրի մասին տեղյակ է մեր նախկին մարզպետ, ներկայիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, խորհրդակցել ենք, պետք է այլընտրանք մտածվեր, բայց մինե հիմա ոչինչ չի արվել, սպասում ենք եղանակները տաքանան, փորձենք լուծում գտնել»,–ասաց գյուղապետը։
Ավետյանը նշեց, որ մայիսի 12-ի ադրբեջանական առաջխաղացման արդյունքում բացի խմելու և ոռոգման ջրի խնդրից, բնակիչները կանգնել են նաև այլ խնդիրների առաջ, մասնավորապես մեծաքանակ արոտավայրեր, խոտհարքներ, սեփական վարելահողեր անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։










