Կիևը շարունակում է պաշտպանվել. վնասազերծվել են դիվերսիոն խմբեր. Կիևի քաղաքապետ

17:00 • 28.02.22

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքը շարունակում է պաշտպանվել: Լույս փետրվարի 28-ը կրկին բախումներ ու փոխհրաձգություններ են եղել, դիվերսանտների մի քանի խմբեր վնասազերծվել են։

«Մեր մարտիկները, այդ թվում՝ տարածքային պաշտպանությունը, վնասազերծել ու գերեվարել են մի քանի դիվերսիոն խմբեր»,- ասել է Կիևի քաղաքապետը։

Նա նաև հիշեցրել է, որ կիևցիների անվտանգության համար պարետային ժամ է մտցվել, և կիևցիներին հորդորել է փողոց դուրս չգալ։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը լույս փետրվարի 28-ը տեղեկացրել էր, որ ռուսական բանակը շարունակում է օդային-ցամաքային հարձակողական գործողությունը Ուկրաինայի դեմ, մասնավորապես, վերսկսվել է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Կիև։

«Օդացամաքային հարձակողական գործողության ընթացքում հակառակորդը շարունակել է կրակային հարվածներ հասցնել ռազմական և քաղաքացիական օդանավակայաններին, հրամանատարական կետերին , հակաօդային պաշտպանության համակարգի օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, բնակավայրերին և պաշտպանական տարածքների ստորաբաժանումներին»,- հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ-ն:

Նշվում է, որ նախորդ գիշեր Պոլեսեում՝ մայրաքաղաք Կիևի ուղղությամբ, ռուսական կողմը վերսկսել է առաջխաղացման փորձերը՝ Դեմիդով գյուղի մոտ Իրպին գետի վրայով պոնտոնային կամուրջ կառուցելով։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
 
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։