Ուկրաինայի ՊՆ-ն տվյալներ է հրապարակել ռուսական զորքերի ընդհանուր կորուստների մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Ուկրաինա ներխուժման սկզբից և փետրվարի 28-ի առավոտվա դրությամբ ռուսական զորքերի ընդհանուր կորուստների մասին, հայտնում է korrespondent.net-ը:
Ըստ ուկրաինական կողմի՝ ընդհանուր առմամբ, ՌԴ զորքերը կորցրել են 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ,
191 տանկ, 816 զրահապատ մարտական մեքենա, 74 թնդանոթ, 1 ԲՈՒԿ ԶՀՀ, 21 «Գրադ» կայանք, 291 ավտոմոբիլային տեխնիկա, 60 ցիստերն, 3 ԱԹՍ, 2 նավ/ մոտորանավակ, 5 ՀՕՊ միջոց: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ Ուկրաինայի ՊՆ-ի, ռուսական կողմն ունի ավելի քան 5000 զոհ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










