Բուլղարիայի վարչապետը պահանջել է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին, քանի որ նա Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունը պատերազմ չի համարում
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը պահանջել է երկրի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևի հրաժարականը, որը հայտարարել է, որ ռուսական բանակի գործողություններն Ուկրաինայում սահմանափակ են լինելու, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես պահանջել եմ Ստեֆան Յանևի հրաժարականը։ Ռազմական նախարարը չի կարող օգտագործել «գործողություն» բառը պատերազմի մասին խոսելիս։ Ոչ մի նախարար չի կարող ունենալ իր արտաքին քաղաքականությունը», - երկուշաբթի լրագրողներին ասել էկառավարության ղեկավարը։
Նա մանրամասնել է, որ հրաժարականի առաջարկը կքննարկվի երկուշաբթի կառավարության նիստում և կընդունվի երեքշաբթի Ժողովրդական ժողովի նիստում։ Կոալիցիոն գործընկերներն աջակցել են այս նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










