Բուլղարիայի պաշտպանության նախարարը «պատերազմ» բառը չասելու պատճառով զրկվել է պաշտոնից

09:55 • 01.03.22

Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը կորցրել է պաշտոնը, քանի որ Ուկրաինայում կատարվող իրադարձություններն անվանել է ոչ թե պատերազմ, այլ ՌԴ-ի կողմից իրականցվող գործողություն:

Համապատասխան որոշումն ընդունել է վարչապետ Կիրիլ Պետկովը, հայտնում է Reuters-ը։

«Իմ պաշտպանության նախարարը չի կարողանում օգտագործել «պատերազմ» բառը, դուք չեք կարող դա անվանել գործողություն, երբ արդեն հազարավոր զինվորներ են զոհվել»,- ասել է Պետկովը։

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Բուլղարիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ է։ Այնուամենայնիվ, «շատերը հիշում են Խորհրդային Միության և «սառը պատերազմի» ժամանակները, ուստի հարազատություն են զգում Ռուսաստանի հետ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը պահանջել էր երկրի պաշտպանության նախարարի հրաժարականը, որը հայտարարել է, որ ռուսական բանակի գործողություններն Ուկրաինայում սահմանափակ են լինելու։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։