«80 ընտանիք վաղվանից սոված է մնալու»․ «Լուսակերտը» փակվում է, հավերը անվճար բաժանում են ժողովրդին

17:17 • 01.03.22

 

«Լուսակերտ» ՍՊԸ-ն ամբողջապես փակվում է։ Աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում և նշում, որ բավականին երկար ժամանակ է՝ աշխատում են «Լուսակերտ» ՍՊԸ-ում։

«45 տարուց ավելԻ է՝ աշխատում ենք այստեղ, նման իրավիճակի առաջին անգամ ենք հանդպիպում, որ ձուն այս աստիճանի էժանանա, և թռչնանոցները կանգնեն լուծարման եզրին։ Խոշոր տնտեսվարողները ձուն այնքան են էժանացրել, դարձրել են համարյա 20-30 դրամ, այդ դեպքում մեր թռչնանոցը ինչպես կարող է գոյատևել։ Բոլորս էլ գիտենք երկրի սոցիալական վիճակի մասին, ամեն ինչը, այդ թվում՝ կերը, գազը, լույսը թանկացել է, այս ամեն ինչը ազդում է մեր թռչնանոցի վրա։ Այստեղ աշխատում են 80 հոգի, մեր գոյության հիմնական աղբյուրը այս թռչնանոցն է, եթե լուծարվեց, բոլորս կանգնելու ենք փաստի առաջ, 80 ընտանիք վաղը սոված է մնալու»,- ասացին աշխատակիցները։

Նրանք նշեցին, որ դիտավորություն  են տեսնում ընկերությունը փակելու որոշման մեջ։

«Ցանկանում են փոքր տնտեսությունները զրոյացնել, որ մեծերը կարողանան բարգավաճել, մենք էլ ենք ցանկանում աշխատել, ապրել։ Ստացվում է՝ հիմա մեր չարչարանքը ձրի բաժանելու են ժողովրդին, նախկինում ևս ձվի գնի էժանացում եղել է, բայց կարողացել ենք հաղթահարել այդ խնդիրը»։

Աշխատակիցները նշեցին, որ չեն պատկերացնում ուրիշ որտեղ պետք է աշխատեն, իսկ այլընտրանք չի առաջարկվել։

«ՍՊԸ-ի հավերը հիմա բաժանում են ժողովրդին, ավելի լավ է բաժանենք, որ չստակեն։ Դիմելու ենք կառավարությանը այս խնդրով, չնայած ակնկալիքներ չունենք, գոնե օգնեն, ֆինանսավորեն փոքր տնտեսություններին հաղթահարել այս վիճակը»,- ասացին աշխատակիցները։