Ռուսաստան տարհանված Դոնբասի բնակիչների թիվը հասել է 137 000-ի

11:54 • 02.03.22

Փետրվարի 18-ից ի վեր Ռուսաստան տարհանված ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների թիվը հասել Է 137 հազարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրանցից 85,5 հազարն Ուկրաինայի քաղաքացիներ են, շուրջ 51 հազարը՝ Ռուսաստանի, ավելի քան 560-ը՝ այլ պետությունների, հայտնել է ուժային կառույցներում աղբյուրը: Նրա խոսքով՝ Դոնբասի բնակիչներին ընդունում են արդեն Ռուսաստանի 23 տարածաշրջաններ, որտեղ ժամանակավոր տեղավորման 261 կետերում գտնվում է մոտավորապես 18,4 հազար մարդ:

«Մյուսները տեղավորման համար օգնություն չեն խնդրել»,-հավելել է աղբյուրը:

Փետրվարի 18-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի տարածք տարհանելու մասին՝ կապված մարտական գործողությունների սաստկացող սպառնալիքի հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։