Բանակցել և պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների, անգամ՝ Հունգարիայի հետ, դիվանագետները կաջակցեն սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին. ԱԳ նախարար

17:25 • 02.03.22

Ուկրաինայում ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել, եզակի դեսպանություն էր, որ շարունակում էր մնալ Կիևում և աշխատել, 1500-ի կարգի զանգ են ստացել,  այս մեծ քանակի դեպքում, իհարկե, կլինեն քաղաքացիներ, որոնք փորձել են կապ հաստատել և չի ստացվել, դրա համար Երևանում թեժ գիծ է հաստատվել», -ասաց Միրզոյանը։

Միրզոյանը նշեց՝ բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Մոլդովայի, Ռումինիայի և Հունգարիայի հետ. «Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքներից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ քաղաքներ, որտեղ չունենք, առանձին դիվանագետներ են գործուղվել: Նրանք խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, խորհրդատվություն տրամադրել, աջակցել և կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան», - տեղեկացրեց Միրզոյանը։