«Դավաճաններ, թալանչիներ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին հող հանձնելու համար
Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասար է, թե Կուբաթլի է,և այդպես շարունակ։ Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչու՞ են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում դա արվել է հրապարակային։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:
«Հերիք է գաք այստեղ կոկոդիլոսի արցունքներ թափեք»,-իր խոսքում նշեց Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց բարձր տոնով չխոսել ու մատ թափ չտալ ընդդիմադիրների վրա:
Վարչապետն արձագանքեց՝ ով որ իրեն ասի, որ հող է հանձնել, մատով է խոսելու այդ մարդկանց հետ:
Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ինչից հետո իրավիճակը լարվեց:
ԱԺ նիստը վարող Հակոբ Արշակյանը նախազգուշացում տվեց ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանին, իսկ Գեղամ Նազարյանի՝ տեղից խոսելուն ի պատասխան, հորդորեց դուրս գալ դահլիճից, ապա դուրս հրավիրեց նաև Արամ Վարդևանյանին: Այնուհետև ընդդիմադիր մյուս պատգամավորները ևս լքեցին ԱԺ դահլիճը:










