Fox News-ի հաղորդավարը Պուտինին համեմատել է օձի հետ՝ առաջարկելով «կտրել օձի գլուխը»

16:38 • 03.03.22

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի երկու առաջատար հեռուստահաղորդավար, քննարկելով Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողությունը, վիճել են այն հարցի շուրջ, թե ինչպես է պետք վարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Daily Mail-ը:

Մասնավորապես Սին Հանիթին ասել է, որ Պուտինին պետք է սպանել, մինչդեռ Թաքեր Կառլսոնի կարծիքով՝ բռնապետին իշխանությունից հեռացնելը կարող  է հանգեցնել նրան, որ իշխանության կարող է գալ ավելի վատ մեկը:

«Կտրիր օձի գլուխն ու կսպանես օձին...Դա պարզ կանոն է. եթե դուք ներխուժում եք անմեղ ինքնիշխան երկիր և սպանում եք անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաներին, դուք արժանի չեք ապրելու:Այժմ ԱՄՆ-ն գործում է (նախկին նախագահ) Ջերալդ Ֆորդի կողմից ստորագրված տասնամյակների վաղեմություն ունեցող գործադիր հրամանի համաձայն, որն արգելում է ԱՄՆ կառավարության աշխատակիցներին քաղաքական սպանություններին մասնակցել։ Իսկ ես ասում եմ՝ օձի գլուխը կտրում ես, սպանում ես օձին։ Հենց հիմա օձը Վլադիմիր Պուտինն է», - ավելացրել է Հանիթին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։