7 օրում Ուկրաինան լքել է 1 մլն փախստական. ՄԱԿ
Ուկրաինայի այն բնակիչների թիվը, որոնք վերջին յոթ օրվա ընթացքում մեկնել են հարևան երկրներ, կազմել է 1 միլիոն, այս մասին հինգշաբթի գիշեր հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Ընդամենը յոթ օրվա ընթացքում մենք ականատես եղանք Ուկրաինայից մեկ միլիոն փախստականների արտագաղթին դեպի հարեւան երկրներ»,- գրել է Գրանդին Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










