Հրդեհ Զապորոժիեի ատոմակայանում. Բայդենն ու Զելենսկին մեղադրել են ռուսական զորքերին. Մեծ Բրիտանիան պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրել

10:21 • 04.03.22

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հրատապ բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են Եվրոպայում ամենամեծը համարվող Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը, որտեղ, ուկրաինական կողմի պնդմամբ, ռուսական զորքի կողմից հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Մարտի 4-ին կայացած զրույցի արդյունքները հայտնել են Սպիտակ տանը։

«Նախագահ Բայդենը միացել է նախագահ Զելենսկիին՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել իր ռազմական գործողությունները (ԱԷԿ-ի) տարածքում և թույլ տալ հրշեջների և արտակարգ իրավիճակների ծառայություններին մուտք գործել դեպքի վայր»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Մինչդեռ Մեծ Բրիտանիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն անվանել է անխոհեմ և ասել, որ դրանք ուղղակի վտանգ են ներկայացնում ողջ Եվրոպայի համար, հայտնում է BBC-ն։

Բրիտանական կառավարությունը իրավիճակը շատ տագնապալի է անվանել։

«Ես հենց նոր նախագահ Զելենսկու հետ քննարկեցի Զապորոժիեի ատոմակայանում տիրող լուրջ իրավիճակը: Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումը ատոմակայանի վրա և ապահովի արտակարգ իրավիճակների ծառայությունների անարգել մուտքը», - Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Մինչդեռ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական համալիրի շենքում բռնկված հրդեհը մարվել է, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։