Ռուսաստանցի օլիգարխներից բռնագրավված գույքը կարող է տրամադրվել ուկրաինացի փախստականներին. Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ

16:07 • 04.03.22

Ռուսական էլիտաների ունեցվածքը կարող է բռնագրավվել և հանձնվել ուկրաինացի փախստականներին, ասել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը։ Դոմինիկ Ռաաբը նման հայտարարություն է արել՝ պաշտպանելով Մեծ Բրիտանիայի կողմից կոշտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ ՌԴ-ի հետ կապված օլիգարխների, ինչը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողությունների իրականացմամբ:

Ինչպես գրում է The Guardian-ը, LBC ռադիոյի եթերում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բրիտանիան կարող է բռնագրավել ռուսաստանցի օլիգարխներին պատկանող գույքը՝ ի պատիժ Մոսկվայի ներխուժմանն Ուկրաինա, Ռաաբը պատասխանել է.«Եթե մենք ունենանք ապացույցներ և իրավական հիմքեր, ապա մենք դա կանենք»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կաջակցի նրան, որ այդ գույքն օգտագործվի ուկրաինացի փախստականների բնակեցման համար, փոխվարչապետն ասել է. «Այո, միանշանակ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։