Գեղա՛մ ջան, կներես․ ազդվեցի, երբ ասացիր՝ մի՛ ասեք, որ որդի եմ կորցրել․ Վիգեն Խաչատրյան
Շատ նուրբ հարց ենք քննարկում, բայց հավասարապես պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը, այստեղից բխում է, որ պետությունը պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու նախապատրաստել այդ ծառայությանը, թե ինչ ձևով, դա պետք է քննարկել։ Այս մասին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի։
«Որևէ մեկը իր որդուն բանակին չի տալիս, այդ տերմինից պետք է խուսափել, մարդը գնում է իր պարտքը հայրենիքի առջև կատարելու։ Այստեղ ներկա է Գեղամ Նազարյանը, ով կրել է այդ կորսուստը, ես ինձ թույլ չեմ տա իմ հարգանքը իր նկատմամբ չդրսևորել, նա հանրահավաքներից մեկում ասաց՝ «իմ վիշտը մեծ է, բայց մի՛ ասեք ես որդի եմ կորցրել»։ Ես խիստ ազդվել էի այդ արտահայտությունից, մարդը հպարտորեն ասաց, որ իր որդին պարտք է կատարել, կներե՛ս Գեղամ ջան։ Այսեղ լուրջ քաղաքացիական զգացումը խոսեց այդ մարդու մեջ։ Հետևաբար չպետք է բանակը դիտարկել որպես վշտի աղբյուր և վիշտը թեթևացնելու համար մտածենք, ոնց անենք, որ երկրորդ վիշտը չլինի։ Եկեք հարգանքով վերաբերվենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց պարտքն են կատարում պետության առաջ և չզրկենք նրանց այդ հնարավորությունից»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ թեև կողմ է քվեարկելու, բայց պայմանով, որ օրենքը պետք է լուրջ վերափոխվի։
Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկում է ՀՀ ԶՈւ-երում ծառայությունից ազատել բանակում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների բոլոր եղբայրներին:










